Պատմություն
Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը, կազմավորվելով 1953 թվականին, 1957թ․-ին միավորվում է անտառային արդյունաբերության նախարարությանը: Հայաստանի ՍՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1966թ․-ի մարտի 24-ի որոշման հիման վրա, 1966թ. հունիսի 21-ի հրամանով Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվեց Անտառային Տնտեսության Պետական Կոմիտե, որը ենթարկվում էր Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական Անտառային Կոմիտեին, ինչպես նաև ՀՍՍՀ Նախարարների Խորհրդին: Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատը գտնվում էր Երևան քաղաքում:
Պետական Կոմիտեն ուներ հետևյալ կառուցվածքը.
- Ղեկավարություն
- Անտառօգտագործման, պահպանության և պաշտպանության վարչություն
- Անտառմշակույթների և անտառմելիորացիայի վարչություն
- Պտուղ-բանջարանոցային բաժին
- Որսորդական տնտեսության բաժին
- Նյութատեխնիկական մատակարարման բաժին
- Կապիտալ շինարարության բաժին
- Կադրերի բաժին
- Հաշվապահություն
- Տեխնիկական անվտանգության տեսուչ
ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատի պաշտոնատար անձինք և մասնագետները միևնույն ժամանակ հանդիսանում էին Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներ և ունեին համապատասխան կոչումներ, իրավունքներ և պարտականություններ: ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում էին շուրջ 40 ենթակա տարածքային ստորաբաժանումներ` անտառտնտեսություններ և պետական արգելոցներ /3 պետարգելոց/, որոնք իրականացնում էին անտառտնտեսական բոլոր աշխատանքները, վարում էին անտառային տնտեսությունը ՀՀ շրջաններում, անտառային ֆոնդի ամբողջ տարածքում: Անտառտնտեսությունների կազմավորումը, լուծարումը, ինչպես նաև դրանց տնօրենների, տնօրենների տեղակալների, գլխավոր անտառապետերի և գլխավոր հաշվապահների նշանակումը, աշխատանքից ազատումը իրականացվում էր ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի գլխավոր տնօրենի հրամանով: Անտառտնտեսությունների այլ պաշտոնների նշանակվում էին անտառտնտեսություների տնօրենների հրամաններով:
- Անտառտնտեսությունների կառուցվածքում նախատեսված էին հետևյալ պաշտոնները
- անտառտնտեսության տնօրեն,
- տնօրենի տեղակալ պահպանության գծով,
- գլխավոր անտառապետ,
- գլխավոր հաշվապահ,
- անտառապետեր,
- պահեստապետ,
- անտառպահպանության ինժեներ,
- անտառպաշտպանության ինժեներ,
- անտառմշակույթների ինժեներ,
- տնկարանային և սերմնային տնտեսության ինժեներ,
- անտառապահներ,
- բանվորներ
ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կառուցվածքում գործում էին նաև մի շարք մասնագիտացված ձեռնարկություններ, որոնք կոչված էին լուծելու նեղ մասնագիտական խնդիրներ: Գիտահետազոտական անտառփորձարարական կայան (ԳԻՏԱՓԿ) իրականացնում էր գիտահետազոտական, գիտափորձարարական աշխատանքներ, անտառագիտության առաջավոր փորձի տեղայնացման և արտադրության մեջ ներդրման աշխատանքներ: ԳԻՏԱՓԿ-ը համագործակցում էր ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառագիտական բաժնի, ինչպես նաև ԽՍՀՄ այլ անտառագիտական ինստիտուտների և կենտրոնների հետ: Անտառսերմնային կայանիրականացնում էր սերմերի որակի ստուգում, կարգերի որոշում և անձնագրավորում: Բոլոր անտառտնտեսությունները պարտադիր կարգով ներկայացնում էին անտառսերմնային կայան մթերված սերմերի նմուշները ստուգման, կարգերի որոշման և անձնագրավորման:
Անտառմելիորատիվ կայանիրականացնում էր անտառմելիորատիվ միջոցառումներ անտառապատման և անտառվերականգման համար նախապատրաստվող տարածքներում: Անտառպաշտպանական կայան իրականացնում էր անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ, անտառների վնասատուների և հիվանդությունների ախտորոշում, վնասակարության կանխատեսումներ, վնասակարության կանխարգելման միջոցառումների նախագծում և կենտրոնացված կարգով իրականացնում այդ միջոցառումները: Անտառպաշտպանական կայանի մասնագետները համագործակցում էին Գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի անտառների պաշտպանության լաբորատորիայի մասնագետների հետ, համատեղ իրականացնում էին գիտահետազոտական աշխատանքներ, վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումների և վնասակարության կանխատեսումներ, վնասակարության կանխարգելման համալիր միջոցառումների մշակում:
Եղվարդի պետտնկարանկենտրոնացված կարգով իրականացնում էր տնկանյութի աճեցում և տնկանյութով ապահովում էր ցածրադիր գոտում գտնվող անտառտնտեսությունները Հայաստանի Հանրապետությունում անտառշինական աշխատանքները և անտառշինական նախագծերի մշակումը կենտրոնացված կարգով իրականացնում էին Անտառի Անդրկովկասյան Գիտահետազոտական ինստիտուտի (գտնվում է Վրաստանում) կազմում գործող մասնագիտացված անտառշինական ջոկատները: Յուրաքանչյուր անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածքում առնվազն 10 տարին մեկ անգամ իրականացվում էրն անտառշինական աշխատանքներ և անտառշինական նախագծերի մշակում, իսկ 5 տարին մեկ անտառային ֆոնդի հաշվառում: Վերոհիշյալ անտառկառավարման համակարգը պարունակում էր բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցները, մասնագետների հաստիքները` ԽՍՀՄ ամբողջ անտառային ֆոնդի տարածքում արդյունավետ կենտրոնացված կառավարում իրականացնելու համար: Նշված համակարգի գլխավոր թերությունն այն էր, որ վերջինս չէր նախատեսում կոլխոզային և սովխոզային անտառների արդյունավետ կառավարումը, այն կոչված էր բացառապես պետական սեփականություն հանդիսացող անտառների կառավարման համար: Բացակայում էին կոլխոզային և սովխոզային անտառների կառավարման, անտառային տնտեսության վարման, պահպանության, պաշտպանության, պետական վերահսկողության և ֆինանսավորման հստակեցված մեխանիզմները: ՈՒ թեպետ անտառշինական աշխատանքները լիարժեք իրականացվում էին, անտառշինական նախագծերը լիարժեք մշակվում էին, սակայն դրանց իրականացումը լիարժեք չէր կարող կատարվել կառավարման համակարգի անկատարության և մասնագետների պակասի հետևանքով: Դրանով է բացատրվում այդ անտառների տարեցտարի վատթարացող վիճակը: Ցածր մակարդակի վրա էր գտնվում անտառային տնտեսության վարումը, խնամքի և վերականգնման միջոցառումները նախատեսված ծավալներով գրեթե չէին իրականացվում: ՍՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշման համաձայն Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն դառնում է «Հայանտառ» Անտառտնտեսական արտադրական միավորում:
ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ բ 421 որոշմամբ կոլխոզային և սովխոզային շուրջ 54 664 հա անտառները հանձնվեցին «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորման տնօրինությանը:
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության (1991 թ.) անկախացումից հետո «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը որոշ ժամանակ (մինչև 1992թ. փետրվար ամիսը) շարունակում էր գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով, սակայն անմիջականորեն ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդին և ամբողջությամբ ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության բյուջեից: 1992 թվականի հունվար ամսից «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվեց ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում: Նշված ժամանակաշրջանում հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական և էներգետիկ ճգնաժամում և անհնար էր նույն մակարդակով ֆինանսավորել անտառային ոլորտը: Բնականաբար ֆինանսավորման նվազեցման հետ մեկտեղ կրճատվում էին նաև ինստիտուցիոնալ կառույցները և մի շարք պաշտոնների հաստիքները: 20-րդ դարի 90-ական թվականներին լուծարվեցին անտառմելիորատիվ կայանը, անտառսերմնային կայանը, անտառպաշտպանական կայանը, գիտահետազոտական անտառփորձկայանը: Միացվեցին մի շարք անտառտնտեսություններ և դրանց ընդհանուր թիվը 40-ից նվազեց մինչև 30: Անտառային տնտեսությունը, ինչպես հանրապետության այլ բնագավառները, գտնվում էր խորը ճգնաժամի մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվեց որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն: ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվեց որպես «Հայանտառ» ՊՓԲԸ (պետական փակ բաժնետիրական ընկերություն), իսկ «Հայանտառ» պետական ձեռնարկության անտառային տնտեսություն վարող դուստր ձեռնարկություններից առանձնացվեցին արտադրամասերը և դրանք վերակազմավորվեցին որպես «Հայանտառ» ՊՓԲԸ-ի դուստր ընկերություններ: Նման վերակազմավորումը դարձրեց «Հայանտառ»-ը շահույթ հետապնդող կազմակերպություն: Բացի այդ պետական կառավարման և պետական վերահսկողության գործառույթները վերապահվեցին մեկ մարմնի` ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությանը: Տվյալ կարգավիճակը և նվազագույնի հասցրած ֆինանսավորումը չնպաստեցին անտառային սեկտորի բարելավմանը: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելացան ապօրինի հատումները, նվազագույնի հասցվեցին նախատեսված անտառտնտեսական միջոցառումների ծավալները, հատկապես անտառվերականգնումը, անտառապատումը, անտառպաշտպանությունը և այլ կարևորագույն աշխատանքները: 1997-1998թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս բերվեցին պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը հանձնվեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության անմիջական ենթակայությանը: Տեղի ունեցան անտառկարավարման համակարգի և ինստիտուցիոնալ կառույցների զգալի փոփոխություններ: ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն «Հայանտառ» կրկին հանձնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը: Այսպիսով մասամբ տարանջատվեցին անտառների կառավարման և պետական վերահսկողության գործառույթները, որոնք մինչ այդ ամբողջությամբ իրականացվում էին միևնույն մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն անտառային ֆոնդի զգալի մասը շարունակում է տնօրինվել բնապահպանության նախարարության կողմից: ՀՀ Կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1054-Ն որոշմամբ ստեղծվեց «Հայանտառ» ՊՈԱԿ (պետական ոչ առևտրային կազմակերպություն), որը պետական գրանցում ստացավ 2005 թվականի հունիսին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հուլիսի 19 թիվ 116-Ա հրամանի հիման վրա 2005 թվականի հոկտեմբերի 1-ից կազմավորվեցին 22 մասնաճյուղեր: Ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 17 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 և մեկական մասնաճյուղեր Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում: ՀՀ նախագահի 2017թ․ դեկտեմբերի 20-ի հրամանագրով ստեղծվել է Անտառային պետական կոմիտե, որը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործում է որպես Անտառային կոմիտե, իսկ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի 580-Ա որոշմամբ՝ գործում է որպես Բնապահպանության նախարարության ենթակա մարմին։