«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող տարածքների հանրագումարը 365 459 հեկտար է որում, ըստ կառավարման պլանների, անտառածածկ է 289 930 հեկտարը, ինչը մեր երկրի տարածքի 9,68 %-ն է։
Հայաստանի անտառածածկ տարածքն ընդհանուր առմամբ 358 340 հա է՝ երկրի տարածքի շուրջ 12,1%-ը։
keyboard_arrow_left
Հաճախ տրվող հարցեր
ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթներից են․
- անտառշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումը,
- անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը,
- անտառների և անտառային հողերի պաշտպանության, կենսաբազմազանության պաշտպանության և վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը։
Անտառների կայուն կառավարումն ապահովող միջոցառումները ՊՈԱԿ-ն իրականացնում է Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում գտնվող 17 մասնաճյուղերի միջոցով։
Անտառապատման գործընթացն իրականացվում է անտառկառավարման պլաններով հաստատված տարածքներում։ Կատարվում է տարածքի ուսումնասիրություն և կազմվում է անտառապատման ծրագիր, որով սահմանվում է հողի նախապատրաստական աշխատանքների ագրոտեխնիկան, անտառմշակույթների հիմնադրման խտությունը, հետագա տարիների խնամքի աշխատանքների քանակը և տեսակը:
Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի անտառածածկից զուրկ տարածքներում կամ ցածր լրիվության դեգրադացված և քայքայված նոսրուտներում։ Միջոցառումներ իրականացվում են նաև անտառի որակի բարձրացման, ցածրարժեք, ոչ արդյունավետ ծատաթփատեսակներն առավել բարձրարժեք տեսակներով փոխարինման միջոցով։
Անտառներն իրենց կյանքի ընթացքում ենթարկվում են մի շարք բացասական գործոնների, որոնցից են հիվանդությունները և վնասատուները։
Հանրապետության անտառածածկ տարածքներում մինչ 2022 թվականը հիվանդությունների և վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներն իրականացվել են քիմիական պատրաստուկների միջոցով, որը մեծ վնասներ է հասցնում մարդու առողջությանը, բուսական և կենդանական աշխարհի բնականոն զարգացմանը։ Հաշվի առնելով նշված գործոնները, հանրապետության կառավարության, շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում 2023 թվականին (շուրջ 4120 հա) 2025 թվականին (շուրջ 9000 հա) անտառածածկ տարածքներում իրականացվել են կենսաբանական Լեպտոցիդ (միջատասպան) և ֆիտոլավին (սնկասպան) բակտերիալ պատրաստուկով վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումներ։
Անտառօգտագործումը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության՝ անտառային օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններից է, որն իրենից ներկայացնում է՝
- փայտանյութի մթերում,
- խեժի և արտադրությանն անհրաժեշտ այլ նյութերի մթերում,
- երկրորդային անտառային ռեսուրսների (կոճղեր, կեղև և այլն) մթերում,
- անտառի կողմնակի օգտագործում (խոտհունձ, արածեցում և այլն),
- անտառային տարածքների օգտագործում կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով,
- անտառների օգտագործում գիտահետազոտական և կրթական նպատակներով,
- անտառների օգտագործում մշակութային, առողջապահական, զբոսաշրջային, հանգստի և սպորտային նպատակներով։
Թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատված է շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 01-ի №419-Ն և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 05-ի №23-Ն համատեղ հրամանով։
Համաձայն կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի №1535-Ն որոշման՝ վերը նշված բնակավայրերի ցանկում ներառված յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է մինչև 8 խմ ծավալով անվճար թափուկ վառելափայտ։
Անտառկառավարման արդյունավետությունից ելներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով սահմանվում է թափուկի տրամադրման ժամանակաշրջան։