Անտառտնկում և անտառվերականգնում

Անտառապատման և անտառվերականգնման  աշխատանքները իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N74-Ն որոշման համապատասխան, իսկ ծախսերի հաշվարկի  նորմատիվները սահմանվում են ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N684-Ն որոշմամբ։

Անտառվերականգնում (Reforestation). Սա անտառի վերականգնումն է այն տարածքներում, որտեղ նախկինում եղել է անտառ, սակայն ոչնչացել է հրդեհների կամ բնական աղետների, հիվանդությունների կամ մարդու գործունեության (ծառահատումների) պատճառով։

Անտառապատում (Afforestation). Սա նոր անտառի հիմնումն է այնպիսի տարածքներում, որտեղ նախկինում երբևէ անտառ չի եղել (օրինակ՝ լքված գյուղատնտեսական հողերում, չորային կամ ամայի վայրերում,Էրոզիայի ենթարկված հողերում)։

Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքները ներառում են.

  • ընտրված տարածքների ուսումնասիրություն և հետազոտություն,
  • հողի նախապատրաստական աշխատանքներ,
  • անտառային մշակույթների հիմնադրում տնկման միջոցով,
  • անտառային մշակույթների հիմնադրում ցանքի միջոցով,
  • անտառային մշակույթների լրացման աշխատանքներ,
  • ագրոտեխնիկական խնամքի աշխատանքներ,
  • անտառային մշակույթների ոռոգման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության),
  • պայքար դաշտամկների դեմ (ըստ անհրաժեշտության),
  • միջոցառումների արդյունքների գնահատում, անտառավերականգնման և անտառապատման ծրագրի մշակում:

2026 թվականի աշնանը նախատեսվում է իրականացնել անտառմշակույթների հիմնում ընդհանուր առմամբ 470 հա տարածքում. այդ թվում՝

  •  պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ առնվազն 65 հա
  • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում՝ 357 հա,
  • վնասի փոխհատուցման պայմանագրերի շրջանակներում՝ 48 հա։