Աշխատանքային այց «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղ․ քննարկվել են մասնաճյուղի գործունեությունն ու զարգացման առաջնահերթությունները
հոկտեմբեր 02, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել են աշխատանքային այցերը «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր։
Այցերին մասնակցում են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
«Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղ այցելությունը մեկնարկել է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում՝ անտառային ենթակառուցվածքների զարգացում և գյուղական համայնքների համար կայուն աշխատատեղերի ստեղծում» ծրագրի շրջանակում նախատեսվող ջերմատների հիմնման համար նախատեսված տարածք այցելությամբ։ Մասնաճյուղի ղեկավար Վասյա Արշակյանի հետ քննարկվել են ջերմատների հիմնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները, դրանց կազմակերպման ու արդյունավետ կառավարման հարցերը, ինչպես նաև զարգացման հնարավոր ուղղությունները։
Այնուհետև «Հայանտառ»-ի ղեկավարն աշխատանքային հանդիպում է ունեցել մասնաճյուղի աշխատակազմի հետ։ Ներկայացվել են մասնաճյուղի ընթացիկ գործունեությունը, մասնագիտական ուղղություններով իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, առաջնահերթությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել Շիրակի մարզում անտառածածկ տարածքների ավելացման հնարավորություններին՝ ինչպես գործող կառավարման պլանի շրջանակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հնարավոր ուղղություններով։ Քննարկվել են մասնաճյուղի մասնագիտական և տարածքային ներուժը, անտառապատման հնարավոր տարածքները, անհրաժեշտ ռեսուրսներն ու կազմակերպչական նախադրյալները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել անտառների պահպանության խնդրին, ինչը քննարկվել է Էկոպարեկային ծառայության տարածքային ներկայացուցչի հետ։
Հանդիպման արդյունքներով տնօրենի կողմից տրվել են մասնաճյուղի գործունեության և զարգացման ուղղություններին վերաբերող համապատասխան հանձնարարականներ։
Աշխատանքային այցերը մասնաճյուղեր շարունակական բնույթ են կրելու: