Աշխատանքային այց Լոռու մարզ․ «Հայանտառ»-ի տնօրենն այցելել է Վանաձորի, Ստեփանավանի և Տաշիրի անտառտնտեսություն մասնաճյուղեր
հոկտեմբեր 13, 2026
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն այցելել է Վանաձորի, Ստեփանավանի և Տաշիրի «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր։
Այցերին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնաճյուղերի աշխատակազմերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել անտառների, վերջին տարիներին հիմնված անտառմշակույթների պահպանվածության վիճակին, իրականացվող անտառվերականգնման ծրագրերին, անտառային տնտեսության վարման արդյունավետության բարձրացմանը, աշխատանքների լավարկմանը, զարգացման հեռանկարներին։
Մասնաճյուղերի ներկայացուցիչները զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի, արձանագրված արդյունքների, առկա տեխնիկական և մասնագիտական խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ։ Քննարկվել են բացահայտված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, ներկայացվել առաջարկություններ՝ մասնաճյուղերի գործունեության բարելավման և զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ։
«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում Արտյոմ Հայրապետյանը շրջայց է կատարել վարչական մասնաշենքի տարածքում՝ ծանոթանալու վարչական շենքի տարածքում նախատեսվող, միջազգային ստանդարտներին համապատասխանող ընդունելության վայրի բարեկարգման ընթացքին և հնարավորություններին։
Արտյոմ Հայրապետյանն այցելել է նաև մասնաճյուղի անտառային տարածք, որտեղ միջազգային գործընկերության շրջանակում քննարկվում են ջերմատների հիմնման հնարավորությունները՝ անտառվերականգնման աշխատանքների խթանման և տնկանյութի արտադրության կարողությունների ընդլայնման նպատակով։
«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ այցի ընթացքում տնօրենն այցելել է նաև նախորդ տարի հիմնված տնկարկ՝ տեղում ծանոթանալու անտառմշակույթների պահպանվածությանը, մասնաճյուղի մասնագետների հետ քննարկել կպչողականության մակարդակին նպաստող հնարավոր ուղիները։
«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ այցի շրջանակում իրականացվել է նաև դաշտային շրջայց, որի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանը տեղում ծանոթացել է անտառհիմնման հնարավորություններին։
Մասնաճյուղերի աշխատակազմերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ մասնաճյուղերի աշխատանքների արդյունավետության բարձրացման, անտառօգտագործման ուղղությունների բարելավման և անտառվերականգնման աշխատանքների շարունակականության ապահովման ուղղությամբ։