Նորություն

«Հայանտառ»-ի տնօրենի աշխատանքային հերթական այցը «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում էր

հոկտեմբեր 23, 2026
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն աշխատանքային այցելություն է ունեցել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ։ Այցին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
 
Աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկվել է մասնաճյուղի ընթացիկ և պլանավորված աշխատանքներին, գործունեության ուղղությունների ընդլայնմանը, կադրային հագեցվածությանը, կարիքների անհրաժեշտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Աբրահամյանի կողմից ներկայացվել է մասնաճյուղի համակողմանի հագեցվածությունը, տեխնիկական հնարավորությունները, դրանց լավարկման համար անհրաժեշտ միջոցների հնարավոր ուղիները, կարիքները։
Էկոպարեկային ծառայության ներկայացուցչի հետ հարցուպատասխանի միջոցով Արտյոմ Հայրապետյանը ծանոթացել է մասնաճյուղի կողմից կառավարվող անտառների պահպանության իրավիճակին։
Այնուհետև մասնաճյուղի ղեկավարի ուղեկցությամբ Արտյոմ Հայրապետյանը շրջել է տնկարանային հատվածում, ծանոթացել ջերմատների տեխնիկական հագեցվածությանը, սերմնաբուսակների աճեցման պայմաններին, աշխատանքների կազմակերպման գործընթացին, հատվածի ընդլայնման հնարավորություններին։
«Հայանտառ»–ի տնօրենի աշխատանքային այցը շարունակվել է Ծաղկաձորի անտառային տարածքում, որտեղ նա տեղում ուսումնասիրել է անտառածածկի վիճակը, մասնագիտական կազմի հետ քննարկել տարածքի պահպանվածությունը։ Ուշադրություն է դարձվել անտառային ռեսուրսների պահպանությանն ու դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը։
Հաշվի առնելով մասնաճյուղի առանցքային նշանակությունը թե՛ աշխարհագրական, թե՛ վարչատնտեսական հնարավորությունների առումով՝ քննարկվել են մասնաճյուղի գործող ենթակառուցվածքների պահպանմանը, լավարկմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնաճյուղի աշխատանքների սահուն ընթացքն ապահովելու նպատակով տնօրենի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել։