keyboard_arrow_left
Նորություն
«Հայանտառ»-ի տնօրենի աշխատանքային հերթական այցը «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում էր
հոկտեմբեր 15, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի աշխատանքային հերթական այցը «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ նպատակ ուներ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, առկա խնդիրներին ու առաջնահերթություններին, ինչպես նաև քննարկելու դրանց լուծմանն ուղղված քայլերը։
Աշխատանքային այցին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնաճյուղի աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկվել են մասնագիտական, վարչական–կազմակերպչական հարցեր՝ անտառվերականգնման և անտառօգտագործման ծրագրերից մինչև անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ ու արտադրական աշխատանքներ։ Անդրադարձ է կատարվել նաև մասնաճյուղում գույքագրված խնդիրներին, աշխատանքային պայմաններին և նյութատեխնիկական ապահովվածությանը։
Մասնաճյուղի ղեկավար Մհեր Նիկողոսյանի ուղեկցությամբ «Հայանտառ»–ի տնօրենն այցելել է մասնաճյուղի համար արդեն իսկ կառուցվող վարչական շենքի տարածք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և քննարկել դրանց ավարտից հետո աշխատանքների կազմակերպման հնարավորությունները։ Արտյոմ Հայրապետյանը վարչական շենքի կառուցումը կարևոր քայլ է համարել՝ մասնաճյուղի աշխատանքային պայմանների բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Միջազգային համագործակցության ամրապնդման և բնապահպանական նախաձեռնությունների խթանման շրջանակում «Հայանտառ»-ի տնօրենն ու ներկայացուցիչները Արենի համայնքի Ռինդ բնակավայրում մասնակցել են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ կազմակերպված «Մաքուր բնություն, կայուն ապագա» միջոցառմանը։
Հայաստանում գերմանական համայնքի ներկայացուցչության մասնակցությամբ հիմնվել է անտառպուրակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիր» մասնաճյուղի տնկարանում աճեցված տնկիներով։ Սոճու տնկիներ են տրամադրվել և տնկվել նաև բնակավայրի դպրոցի տարածում՝ խթանելով բնապահպանական պատասխանատվության մշակույթի զարգացմանը։
Աշխատանքային այցն ամփոփվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող Եղեգիսի արգելավայրում։ Տնօրենը ծանոթացել է անտառի պահպանվածությանը, տարածքում անտառտնկման հնարավորություններին, ներկայացվել են արգելավայրի առանձնահատկությունները, պահպանությանն ուղղված աշխատանքները, առկա կարիքներն ու կառավարման առաջնահերթությունները։
Արգելավայրի օրինակով անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ»-ի կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և արդյունավետ կառավարման հարցերին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը։