Նորություն

Սեպտեմբերի 𝟏𝟑-ին Հայաստանում նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը։

սեպտեմբեր 13, 2026

Մասնագիտական այս օրը սահմանվել է 𝟐𝟎𝟐𝟏 թվականից՝ ընդգծելու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարևորությունը բնության և կենսաբազմազանության պահպանության գործում։
Դրանք կարեւոր են հատկապես անհետացման եզրին գտնվող տեսակների եւ ապրելավայրերի պահպանության, ապաստանների տրամադրման, տեսակների միգրացիայի ու տեղաշարժի ապահովման և լանդշաֆտներում բնական գործընթացների պահպանման համար։
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից 𝟑–ը պետական արգելոց է, 𝟒–ը՝ ազգային պարկ, 𝟐𝟕–ը՝ պետական արգելավայր, 𝟐𝟑𝟐–ը՝ բնության հուշարձան։

Հակիրճ այն մասին, թե ներկայում որոնք են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման տակ գտնվող պետական արգելավայրերը, որտեղ և ինչ նպատակով են ստեղծվել:

Կոտայքի մարզում՝
Արզական-Մեղրաձորի պետական արգելավայր - ստեղծվել է անտառային կենդանիների՝ այծյամ, ուսուրական բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլ կենդանիների պահպանության նպատակով։
Բանքսի սոճու պետական արգելավայր – ստեղծվել է բանքսի սոճու տնկարկային տեսակի պուրակի պահպանության նպատակով։

Գեղարքունիքի մարզում՝
Գետիկի պետական արգելավայր – ստեղծվել է էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների, այդ թվում այծյամի, գորշ արջի, վայրի խոզի, կովկասյան մարեհավի և հազվագյուտ այլ կենդանատեսակների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով:

Տավուշի մարզում՝
Գանձաքարի պետական արգելավայր – ստեղծվել է անտառային հազվագյուտ կենդանիների և էկոհամակարգերի պահպանության նպատակով։
Իջևանի պետական արգելավայր – ստեղծվել է՝ անտառային լանդշաֆտների և կենդանիների (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։
Արջատխլենու պետական արգելավայր – ստեղծվել է մնացուկային արջատխլենու և հատապտղային կենու պուրակների պահպանության նպատակով։

Լոռու մարզում՝
Գյուլագարակի պետական արգելավայր – ստեղծվել է մնացուկային սոճու անտառների պահպանության նպատակով։
Կովկասյան մրտավարդենու պետական արգելավայր – ստեղծվել է Կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով։
Մարգահովիտի պետական արգելավայր – ստեղծվել է խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանության նպատակով։

Վայոց ձորի մարզում՝
Ջերմուկի անտառային պետական արգելավայր – ստեղծվել է խոշորառէջ կաղնու լեռնային անտառների և հազվագյուտ կենդանիների (բեզոարյան այծ, գորշ արջ) պահպանության նպատակով։
Հերհերի պետական արգելավայր – ստեղծվել է գիհու ռելիկտային (մնացորդային) նոսրանտառների պահպանության նպատակով։
Եղեգնաձորի պետական արգելավայր – ստեղծվել է անտառային լանդշաֆտների և հազվագյուտ կենդանիների պահպանության նպատակով։

Սյունիքի մարզում՝
Գորիսի պետական արգելավայր – ստեղծվել է անտառային լանդշաֆտների և կենդանական աշխարհի (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ) պահպանության նպատակով։

Բնության պահպանությունը միայն տարածքների պաշտպանություն չէ․ այն կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կայուն կառավարման և բնական ժառանգության պահպանման համատեղ պատասխանատվություն է՝ հանուն այսօրվա և վաղվա։